Կառավարությունում քննարկվել է Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի արդիականացման և լիարժեք գործարկման ներդրումային ծրագրի ընթացքը
ՏնտեսությունՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 2-ին ընդունել է «Քոնթուր Գլոբալ» ընկերության գործադիր փոխնախագահ և գլխավոր գործառնական տնօրեն Կարլ Շնադտին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զրուցակիցները քննարկել են Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի արդիականացման և լիարժեք գործարկման ներդրումային ծրագրի ընթացքը: Երկուստեք կարևորվել են պարբերական աշխատանքային հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող որոշակի հարցերի շուրջ:
Կողմերը վերահաստատել են ներդրումային ծրագրի վերաբերյալ ստորագրված պայմանագրով ստանձնած պարտավորությունները պատշաճ կարգով և սահմանված ժամկետում կատարելու հանձնառությունը: Վարչապետ Կարապետյանը, կարևորելով ծրագրի իրականացումը, ընդգծել է. «Պայմանագրով սահմանված այն կետերը, որոնց տակ և´ մենք, և´ դուք ստորագրել ենք, պետք է կատարենք»: