Կեյլոր Նավաս. Ես կարող եմ վերադարձնել մարդկանց վստահությունը
ՍպորտՄադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը պատասխանել է քննադատություններին։ Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի խաղում (3։3) Նավասի սխալից հետո «Լաս Պալմասը» խփել էր երրորդ գոլը։ Դրանից հետո Արքայական թիմի երկրպագուները սուլել էին Նավասին։ 30-ամյա դարպասապահն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 25 հանդիպման, բաց է թողել 30 գոլ, հինգ խաղում գնդակ բաց չի թողել։
«Ես կարող եմ փոխել իրավիճակը եւ վերադարձնել մարդկանց վստահությունը։ Իհարկե, յուրաքանչյուրը կարող է կարծիք հայտնել, եւ ես հարգանքով կընդունեմ այդ կարծիքը։ Ամեն դեպքում, ես կշարունակեմ համառ աշխատել, որպեսզի փոխեմ խաղս։ Կանեմ այնպես, որ մարդիկ այլեւս չսուլեն ինձ, եւ վրդովմունքի տեղը լինեն ծափահարություններ։ Գիտեմ իմ սխալների մասին եւ երբեք չեմ թաքցնում դրանք։ Ես ձգտում եմ կենտրոնանալ աշխատանքի վրա, որպեսզի լավացնեմ խաղս։ Երբեք չգիտես, թե ինչ տեղի կունենա ապագայում, բայց հիմա ես «Ռեալի» խաղացող եմ»,- Կեյլոր Նավասի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Հայտնի է, որ Արքայական ակումբն արդեն մի քանի տարի փորձում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» ձեռք բերել Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեային։