«Հայաստան» համահայկական հիմնադրամը 25 տարեկան է
ՀասարակությունՄարտի 3-ին լրանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 25-ամյակը: Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահի՝ 1992թ.մարտի 3-ի հրամանագրով ստեղծվեց մի կառույց, որը, պայմանավորված իր համազգային կարեւորագույն առաքելությամբ, անվանվեց «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, 1992թ. մայիսի16-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի 24 անդամից բաղկացած Հոգաբարձուների Խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ. «Աղետաբեր երկրաշարժ, բազմահազար անօթեւան բռնագաղթվածներ, արցախահայության տագնապալի կացություն, քայքայված տնտեսություն, երկարատեւ շրջափակումներ, այս եւ բազմաթիվ այլ դժվարություններ հաղթահարելի են միայն ազգի բոլոր անդամների ուժերի ու հնարավորությունների համախումբ գործադրման, միասնական ու միաբան գործելու պարագայում: Հայ ժողովրդի գոյատեւմա ն ու բարգավաճման գլխավոր նախապայմանի՝ մեր ազգային պետականության հաստատման, Մայր Հայրենիքի տնտեսական, գիտական, կրթական, հոգեւոր ու մշակութային զարգացման խնդիրների լուծմանը մասնաբաժին ու ակտիվ մասնակցություն ունենալը յուրաքանչյուր հայի համար պետք է մեծագույն պատիվ եւ պարտք դառնա»:
«Այսօր, իր գոյության 25-րդ տարում, Հիմադրամն ունի աշխարհասփյուռ հանձնախմբեր, ազգանվեր առաքելությունը ստանձնած նվիրյալներ ու կամավորներ, հայրենաշինությունն իրենց սուրբ պարտքը համարող բարերարներ ու նվիրատուներ եւ միասնաբար իրագործած ձեռնար կներ ու ձեռքբերումներ: Աշխարհով մեկ սփռված հայության զորավոր միասնության արդյունքում այս տարիներին ծնունդ են առել ճանապարհ, հիվանդանոց, դպրոց ու մանկապարտեզ, ջրատար, գազատար, արվեստի, գիտության, մշակույթի վերելքը խթանող նախաձեռնություններ: Յուրաքանչյուր իրագործած ծրագրով մենք ուղերձ ենք հղում միջազգային հանրությանը, որ, ի հեճուկս միմյանց հաջորդող մարտահրավերների, ունենք անկախ պետականություն եւ ամեն գնով պետք է պահպանենք ու ամրապնդենք մեր հաղթանակը»,- ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ: