Մարզերում «Բաց դռների օրեր» ծրագրի շրջանակում արդեն 3000 մարդ բուժզննություն է անցել
ՀասարակությունՀայաստանի մարզերում նեղ մասնագետների բացը լրացնելու համար կազմակերպվել է «Բաց դռների օրեր» ծրագիրը: Այն իրականացվում է «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ: Մեկնարկը տրվել է փետրվարի 23-ին, շարունակվելու է մինչև մարտի 25-ը: Ինչպես Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարարության բուժօգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը, արդեն 3 հազար հոգի բուժզննում է անցել:
«Այսօր մարզերում նեղ մասնագետների պակասը լրացնելու խնդիր կա: Եթե մասնագետների հագեցվածությամբ համեմատենք Երևանի հետ, ապա մարզերում 3 անգամ մասնագետների, հատկապես նեղ ուղղվածության մասնագետների, պակաս կա: Առաջարկ եղավ մարզային այցելություններով լրացնել համապատասխան հիվանդությունների ախտորոշման, բուժման գործում եղած բացը: «Բաց դռների օրեր» ծրագիրն անցկացվելու է 71 բժշկական կազմակերպությունում, ընդհուպ սահմանամերձ բնակավայրերի ամբուլատորիաներում: Արդեն իրականացվել է 21 միջոցառում»,-ասաց Ծաղիկ Վարդանյանը:
Նախատեսվում է իրականացնել նեղ մասնագիտական խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում` լաբորատոր գործիքային հետազոտություններ: Այս ծրագիրը կնպաստի նաև Երևանի առաջատար մասնագետների և տեղում մասնագիտական գործունեություն իրականացնող բժիշկների կապերի ամրապնդմանը, փորձի փոխանակմանը:
Ուռոլոգ Գևորգ Գրիգորյանը, ով մասնագիտական խմբի հետ նոր է վերադարձել Սյունիքի մարզից, նշեց, որ արդեն 652 անձ մասնակցել է «Բաց դռների օրեր» ծրագրին: Մասնագետները եղել են Մեղրիում, Քաջարանում, Կապանում:
«Տպավորությունն այնպիսին է, որ տեղի բնակիչները մեծ կապվածություն ունեն տեղացի բժիշկների հետ: Մեր կոլեգաները առաջադեմ, հմուտ մասնագետներ են: Այն կարծրատիպը, թե լավ մասնագետները Երևանում են աշխատում, այլևս չկա»,-ասաց Գևորգ Գրիգորյանը:
Նա նկատեց, որ Սյունիքի մարզի բժշկական հաստատությունների տեխնիկական հագեցվածությունը նույնպես բարձր մակարդակ ունի: Երեք բուժհաստատությունները հագեցված են անհրաժեշտ սարքավորումներով:
«Ես ուռոլգիական տեսանկյունից ասեմ. այնտեղ կան սարքավորումներ, որոնք ոչ բոլոր երևանյան կենտրոններն ունեն: Իհարկե, առկա է նեղ մասնագետների պակաս, ինչը համապատասխան ծրագրերի կողմից կլրացվի»,-ասաց Գևորգ Գրիգորյանը:
Մարզեր կատարած այցելությունների արդյունքները կամփոփվեն մարտի վերջին, սակայն, Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ, նախնական դիտարկումների համաձայն, մարզերում ակնաբույժի խիստ պակաս կա: