ՀՀ գլխավոր հյուպատոսության և Ամերիկյան Կարմիր խաչի Լոս Անջելեսի գրասենյակի միջև հուշագիր է ստորագրվել
ՀասարակությունԼոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մարտի 3-ին փոխընբռնման հուշագիր է ստորագրել Ամերիկյան Կարմիր խաչի Լոս Անջելեսի գրասենյակի հետ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, փաստաթուղթը ստորագրել են ՀՀ գլխավոր հյուպատոսի տեղակալ Վալերի Մկրտումյանը և Կարմիր Խաչի Լոս Անջելեսի տարածաշրջանի ղեկավար Ջարեդ Բերիոսը: Այն ենթադրում է արտակարգ իրավիճակներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության և Կարմիր խաչի տեղական գրասենյակի միջև փոխգործակցություն՝ համայնքի խնդիրներին արձագանքելու մեխանիզմների շրջանակներում:
Կողմերը նշել են, որ փաստաթուղթը առաջին քայլն է նմանատիպ գործակցություն ծավալելու համար և հույս հայտնել, որ այն բարենպաստ հիմք կհանդիսանա համայնքի հետ որոշ ոլորտներում հետագա համագործակցություն ծավալման համար:
Ջարեդ Բերիոսը հայտնել է, որ Կարմիր Խաչի տեղական ներկայացուցչությունը փոխընբռնման հուշագրեր ունի փոքր թվով երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, որոնց թվում են՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան և Մեքսիկան: