Gallup-ի հարցման մասնակիցները ՀՀ-ի առջև ծառացած խնդիրներ են համարում գործազրկությունը, պատերազմական իրավիճակը և արտագաղթը
ՀասարակությունGallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության իրականացրած հարցման մասնակիցների 12.5 տոկոսը լիովին բավարարված է իր կյանքով, 44 տոկոսն ավելի շուտ բավարարված է, 26 տոկոսն ավելի շուտ բավարարված չէ, իսկ 16 տոկոսն ընդհանրապես բավարարված չէ: Ինչպես հաղորդում է Արմեպրեսը, մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում Gallup International Association-ի հայաստանյան ն երկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց հարցման արդյունքները:
«Ինչպե՞ս եք գնահատում ձեր ընտանիքի նյութական, տնտեսական ապահովվածությունը ներկայումս» հարցին մասնակից քաղաքացիները պատասխանել են հետևյալ կերպ. շատ լավ՝ 1,1 տոկոս, լավ՝ 11,9 տոկոս, միջին՝ 60 տոկոս, վատ՝ 18, 2 տոկոս, շատ վատ՝ 8, 6 տոկոս:
«Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներկա տնտեսական վիճակը», հարցման մասնակիցները պատասխանել են հետևյալ կերպ. շատ լավ՝ 0,7 տոկոս, լավ՝ 2,1 տոկոս, միջին՝ 25 տոկոս, վատ՝ 37 տոկոս, շատ վատ՝ 34,6 տոկոս:
«Դուք, ձեր ընտանիքը մեկ տարի հետո ներկա դրության համեմատ ավելի լա՞վ, թե՞ վատ կապրեք» հարցին մասնակիցները պատասխանել են հետևյալ կերպ. զգալիորեն ավելի լավ՝ 2,9 տոկոս, որոշ չափով լավ՝ 27,7 տոկոս, այնպես, ինչպես այժմ՝ 38,2 տոկոս, որոշ չափով վատ՝ 12,7 տոկոս, զգալիորեն ավելի վատ՝ 8,7 տոկոս:
«Ներկա պահին որո՞նք են մեր պետության առջև կանգնած ամենակարևոր երեք խնդիրները» հարցման մասնակից քաղաքացիների 58,1 տոկոսը համարել է գործազրկությունը, 39,9 տոկոսը՝ պատերազմական իրավիճակը, 28,2 տոկոսը՝ արտագաղթ, ինչպես նաև՝ տնտեսական վիճակ, ցածր աշխատավարձ, կոռուպցիա, ցածր թոշակներ, գնաճ:
Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության իրականացրած հարցմանը մասնակցել է 1146 քաղաքացի: Հարցումն անցկացվել է փետրվարի 23-ից մինչև մարտի 2-ը: