Մեզ չի հետաքրքրում, թե ներքին բամբասանքներում, կուլիսներում ով ում մասին ինչ է խոսում. Հ.Բիշարյան
ՀասարակությունԻնչպես արդեն հայտնել էր ORER.am-ը, այսօր ՀՎԿ-ի նախագահ, կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց 30 կետից բաղկացած իրենց նախընտրական ծրագիրը:
Նկատենք, որ ծրագրային դրույթներում ներառված չէին Հայաստանի արտաքին քաղաքականության եւ Արցախի խնդրի կարգավորման մասին հարցերը: ՀՎԿ փոխնախագահ Հ.Բիշարյանը լրագրողների հետ զրույցում Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ կուսակցության ունեցած դիրքորոշման մասով միայն նշեց, որ իրենք միշտ խոսել են այդ մասին, ասել, որ Արցախը Հայաստանի մաս պետք է լինի: Ինչ վերաբերում է հարցի կարգավորման եղանակներին, նա ասաց, որ դա արդեն ուրիշ հարց է ու նախընտրական ծրագրի հետ որեւէ կապ չունի:
Այն հարցին, թե օրերս պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ իրենք են միակ ընդդիմադիր ուժը, որը չի վերահսկվում իշխանության կողմից, մյուս կողմից էլ՝ Սամվել Բաբայանը հայտարարել է, որ բոլոր մյուս կուսակցություններն իշխանության հետ արդեն տոկոս են պայմանավորվել, ի՞նչ կասի այս ամենի վերաբերյալ, նա այսպես պատասխանեց. «Նման հայտարարություններ անելու արդյունքում պետք է բոլոր քաղաքական ուժերն ուղղակի ապացուցեն՝ ինչ են ուզում դրանով ասել:
Իսկ, ընդհանրապես, ընդդիմադիր քաղաքական ուժերը, երբ խոսում են մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերի մասին, ապա դա նշանակում է, որ իրենք կատարում են պատվեր:
Երկրորդ՝ եթե քաղաքական ուժերը պայքար են մղում հաջողությունների համար, որ երկրում ինչ-որ բան փոխվի, ապա նպատակը չպետք է մեկը մյուսին սեւացնելը կամ քննադատելը լինի:
Նախընտրական շրջանում պետք է մրցունակ լինեն լիդերները, ծրագրերն ու գաղափարները, որը պետք է երկիրը փոխի: Թե ներքին բամբասանքներում, կուլիսներում ով ում մասին ինչ է խոսում, մեզ չի հետաքրքրում»: