WikiLeaks․ԿՀՎ-ն կարող է հեռախոսները գաղտնալսող սարքերի վերածել
ՀասարակությունWikiLeaks-ը հրապարակել է ԿՀՎ-ի փաստաթղթերը iOS- ով ու Android-ով աշխատող հեռախոսների, նաեւ Samsung հեռուստացույցների արգելաբացման մասին, հայտնում է Meduza–ն։
WikiLeaks -ը հավաստիացնում է, որ ԿՀՎ-ն որոնում է այսպես կոչված զրոյական օրվա խոցելիություններ, որոնց մասին չգիտեն ոչ սարքերը ստեղծողները, ոչ անվտանգության մասնագետները։ Android-ում նրանց հաջողվել է գտնել առնվազն 24 նման խոցելիություն։ Թե քանիսն է հայտնաբերվել այֆոններում՝ չեն նշում։
WikiLeaks -ի հրապարակման մեջ ասվում է, որ ԿՀՎ-ն կարողանում է WhatsApp, Telegram եւ Signal պաշտպանված մեսենջերներից հաղորդագրություններ որսալ մինչեւ դրանց կոդավորումը։ Տեքստից հասկանալի չէ, արդյոք նույնը հնարավոր է նաեւ iOS-ով աշխատող սարքերի դեպքում։
WikiLeaks -ը հայտնում է , որ ԿՀՎ-ն կարող է հեռախոսները վերածել գաղտնալսող սարքերի, որպեսզի դրանք բարձրախոսի ու տեսախցիկների միջոցով նրանց տեղեկություններ փոխանցեն։ Այդ նույնը ԿՀՎ-ն կարողանում է անել նաեւ Samsung հեռուստացույցի միջոցով։
WikiLeaks -ի հրապարակած փաստաթղթերը վերցված են ԿՀՎ կիբերհետախուզության կենտրոնի փակ ցանցից։ WikiLeaks -ը հավաստիացնում է, որ ԿՀՎ աշխատակիցները գործում են նաեւ գերմանական Ֆրանկֆուրտում, քողարկվելով, որպես դիվանագետներ։