Գյումրիում զինվորից մինչև պատգամավորության թեկնածու շնորհավորում ու ծաղիկներ են նվիրում կանանց
ՀասարակությունԳյումրիում զինվորից մինչև ԱԺ պատգամավորության թեկնածու շնորհավորում ու ծաղիկներ էին նվիրում կանանց: Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Գյումրիում անակնկալ էին պատրաստել շատերը: Ինչպես միշտ, այս անգամ ևս քաղաքապետ Սամվել Բալասանյանի անունից քաղաքի տարբեր հատվածներում ծաղիկներ նվիրվեցին կանանց ու աղջիկներին:
Անակնկալ շնորհավորանքը հաճելի էր ու մի պահ մոռացնել էր տալիս հոգսերի ու խնդիրների մասին: Ավելի վաղ գյումրեցի կանայք ու աղջիկները շնորհավորանք ու ծաղիկներ ստացան նաև Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանից: Ինչպես անցած տարի, այս տարի ևս անակնկալ էր կազմակերպել Գյումրու կայազորը. ծաղիկներ ու շնորհավորանք` այս անգամ զինվորներից: Օրվա ամենահուզական շնորհավորանքը հենց նրանցն էր` տանից հեռու ու իրենց մորը, քրոջն ու սիրելիին կարոտած՝ նրանք շնորհավորում էին Կենտրոնական հրապարակում ու Ռիժկովի ճեմափողոցում հանդիպած կանանց ու աղջիկներին: «Արմենպրես»-ի միջոցով բոլոր զինվորների անունից նախ իր մայրիկին, ապա մյուս կանանց ու աղջիկներին շնորհավորանք փոխանցեց շարքային Էդուրադ Ենոքյանը՝ խաղաղ ու երջանիկ կյանք մաղթելով: «Թող գեղեցիկ ժպիտը չպակասի բոլորի դեմքերից»,- հավելեց Գյումրիում պարտադիր զինվորական ծառայությունն անցնող զինվորը:
Արմենուհի Մխոյան