Իմ ստեղծած անունն ու հարգանքը պահելու եմ. Գագիկ Ծառուկյան
Հասարակություն«Ծառուկյան» դաշինքի նախընտրական հանդիպումները շարունակվում են: Այսօր Գագիկ Ծառուկյանը Արմավիրի մարզում է: Մարզկենտրոն Արմավիրում հանրահավաքի ժամանակ դաշինքի առաջնորդն ասաց, որ չի եկել այստեղ խոսքեր ասելու:

«Արմավիրի խնդիրները միշտ իմ ուշադրության կենտրոնում են եղել, ես գիտեմ խնդիրն ու ձեր դարդ ու ցավը»,- ասաց նա՝ խոսելով տնտեսության ու ժողովրդի ներկա վիճակի մասին:
Ինչ վերաբերում է վարկերին, նա նկատեց, որ գյուղացիներին տրված վարկերը, որոնց տոկոսները քիչ չեն, այդպես էլ գոնե մեկ տարով չսառեցվեցին ցրտահարությունից հետո: «Պետք չէ գյուղացուն վարկեր տրամադրել 20-30 տոկոսով, պետք է մարդկանց օգնության ձեռք մեկնել: Մի ընտանիքից 2-3 մարդ վարկի տակ է, գոնե մենք պետք է կարողանանք ապահովել այդ ընտանիքների բարօրությունը, բոլոր մարդկանց պետք է հնարավորություն տրվի»,- նկատեց նա:

Ապա ԲՀԿ ղեկավարն անդրադարձավ խաղողագործներին գումար չվճարելու խնդրին. «Գումարներ է տրամադրվել պետությանը 0 տոկոսով, բայց ո՞ր գյուղացին է 3-5 տոկոսով վարկ ստացել: Մարդիկ ստացել են 24 տոկոսով: Պատասխանատվության պետք է ենթարկվեն նրանք, ովքեր բարձր տոկոսներով են վարկեր տրամադրում, իսկ մարդկանց պետք է վերադարձվեն գրավի տակ դրված գույքը»:

Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ պետության հիմնական ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, բայց մենք այսօր ՓՄ բիզնես չունենք: Եթե այսպես շարունակվի` փոքր ու միջին բիզնեսը կոչնչացվի. «Չեմ եկել պաշտոնի ու գումարի համար, այլ տեսնում եմ, թե որքան ծանր է ձեր վիճակը, իսկ դրանից տուժում է պետությունը: 2009-ից հետո վիճակը օր օրի վատացել է ու եթե այսպես գնա` ավելի է վատանալու: Մենք պետք է կյանքի կոչենք մեր 15 կետերը` հարկերը վերացնենք, «կարմիր գծերը» վերացնենք, թոշակները բարձրացնենք: Եթե դա չանենք` իրավիճակն ավելի է վատանալու»:
Ծառուկյանը հավաստիացրեց, որ ընտրություններում հաղթանակի դեպքում մեկ ամիս անց այդ 15 կետերը կյանքի կկոչվեն, քանի որ դրանք ոչ թե գեղեցիկ բառեր են, այլ հստակ հաշվարկներով ամրագրված կետեր. «Ինչ որ ասում եմ` կյանքի կկոչենք: Ես ձեզ հետ միշտ էլ շփվել ու կապի մեջ եմ եղել, բայց բարեգործությամբ երկիր չես պահի, պետություն չես զարգացնի: Իմ ստեղծած անունն ու հարգանքը պահելու եմ: Մարդիկ ինձ ասում են` հանկարծ հետ չկանգնես» :
Սոսե Չանդոյան