Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդը ժամանել է Ստամբուլ
ՀասարակությունԳերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրություններին մասնակցելու նպատակով մարտի 9-ի գիշերը ժամանել է Ստամբուլ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է Ստամբուլի «Լույս» լրատվամիջոցը:
Բեքչյանը, նախ և առաջ, այցելել է մահացած պատրիարքների շիրիմներին` աղոթելով նրանց հոգու համար: «Ապրելով Գերմանիայում` մոտիկից հետևում եմ այստեղի զարգացումներին և խորապես վշտացած եմ վերջին շրջանում գրանցված ու մեզ համար ոչ սազական դեպքերի առնչությամբ»,- ասել է նա:
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները կանցկացվեն մարտի 15-ին: Ընտրությունների արդյունքները կհայտարարվեն նույն օրը: Տեղապահի ընտրություններում թեկնածություն են ներկայացրել երեք հոգևորական` Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
Ընտրությունների ժամանակ քվեարկությունը կիրականացվի դռնփակ կարգով` պատրիարքարանի 30 հոգևորականի կողմից: Պոլսո պատրիարքի տեղապահ կընտրվի այն թեկնածուն, որը կստանա առավելագույն ձայները:
Ընտրված տեղապահը կղեկավարի նոր պատրիարքի ընտրության կազմակերպման գործընթացը, ինչպես նաև կլինի պատրիարքարանի փաստացի ղեկավարը մինչև նոր պատրիարքի ընտրվելը: Տեղապահի ընտրությունից հետո Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կթողնի փոխանորդի իր պաշտոնը: