Դատախազությունում ընտրությունների հետ կապված հանցագործությունների վերաբերյալ խորհրդակցություն է անցկացվել
ՀասարակությունՀՀ գլխավոր դատախազությունում մարտի 10-ին տեղի է ունեցել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների անցկացման ընթացքում իրավապահ մարմինների գործունեության վերաբերյալ աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, Հայաստանում ԵՄ, ԵԽ պատվիրակության, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական խմբի, ՀՀ ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների, Մ արդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ Ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից, աշխատանքային հանդիպմանը քննարկվել են խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի հրապարակումներին, քաղաքացիների հաղորդումների և ստացված ահազանգերի ուսումնասիրմանը, վերլուծությանը, ըստ ենթակայության ուղարկելու, դրանց հիման վրա ստուգողական գործողություններ կատարելու , նյութերի նախապատրաստման, քրեական գործերի հարուցման  ; և մի շարք այլ հարցերում իրավապահ մարմինների գործառույթների համակարգված իրականացմանը, իրավապահ մարմինների, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քաղաքացիական հասարակության ու դիտորդական առաքելություն իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձել է աշխատանքային քննարկման անհրաժեշտությանն ու նպատակներին, և այն միջոցառումներին, որոնք իրականացվելու են խորհրադարանական ընտրությունների ժամանակ՝ իրավապահ բոլոր մարմինների համագործակցությամբ:
ՀՀ գլխավոր դատախազը մատնանշելով ընտրական գործընթացներին առնչվող օրենսդրական փոփոխությունները, այդ համատեքստում կարևորել է ՀՀ քրեական օրենսգրքով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելու դեպքում պատժի խստացումը՝ շեշտադրելով օրենսդրական այս փոփոխության կանխարգելիչ նշանակությունը:
Արթուր Դավթյանը կարևորել է նաև Քրեական օրենսգրքով ընտրակաշառքի դեպքում նախատեսված խրախուսական նորմը, ըստ որի՝ եթե ընտրակաշառք ստացողը եռօրյա ժամկետում, մինչև իրավապահ մարմինների կողմից այդ դեպքի հայտնի դառ նալը տեղեկացնի իրավապահ մարմիններին և աջակցի հանցագործության բացահայատմանը, կազատվի քրեական պատասխանատվությունից:
Արթուր Դավթյանի խոսքով ՝ կարևոր է, որ ընտրական հանձնաժողովներում դիմում բողոքների քննարկման ուսումնասիրմամբ զբաղվող անձիք լինեն տեղեկացված, որպեսզի բոլոր հաղորդումները, որոնք կպարունակեն առերևույթ հանցագործության հատկանիշներ, հասցեագրվեն ՀՀ դատախազություն: Արթուր Դավթյանի դիտարկմամբ՝ պետք է ակտիվացվեն և հստակ կանոնակարգվեն բոլոր մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան ապահովել իրավապահ մարմինների իրազեկվածությունը յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ:
Արթուր Դավթյանի խոսքով՝ նման բնույթի աշխատանքային քննարկումներով, այլ նախապատրաստական միջոցառումներով պետք է ապահովել, որպեսզի, հատկապես, ապրիլի 2-ի քվեարկության օրը յուրաքանչյուր դատախազ, քննիչ, օպերատիվ աշխատակից, տեղամասում ծառայություն իրականացնող ոստիկան հստակ տիրապետի իր գործառույթներին, ըստ անհրաժեշտության իրականցվելիք գործողությունների հաջորդականությանը:
ՀՀ գլխավոր դատախազը շեշտադրել է ընտրական բնույթի յուրաքանչյուր հանցագործության դեպքի հետևողական, բազմակողմանի, լրիվ օպերատիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու, հանցանք կատարած յուրաքանչյուր անձի պատասխանատվությունն ապահովելու, այդ գործընթացների առավելագույնս թափանցիկ և հասարակության համար նկատելի դարձնելու անհրաժեշտությունը: