Գյումրու ավագանու որոշմամբ սոցիալապես անապահով 168 անձ կստանա դրամական աջակցություն
Հասարակություն Գյումրու ավագանու որոշմամբ սոցիալապես անապահով 168 անձ կստանա դրամական աջակցություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, որպես նվիրատվություն 600 հազար դրամ գումար համայնքային բյուջեից կհատկացվի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքին և 6 մլն 262 հազար դրամ եռամսյակային հատկացում` որպես աշխատավարձ, «Մուշ զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության մանկապարտեզին: Այս և ևս այլ 32 հարց Գյումրու ավագանին հաստատեց մարտի 10 կայացած այս տարվա առաջին գումարման երկրորդ նիստի ժամանակ:
Նիստի առաջին հարցը վերաբերում էր բյուջեին: Քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը նշեց, որ Գյումրին բյուջեն կատարել է 96,4 տոկոսով: Ավագանու նիստի քննարկման մյուս հարցերը հողամասեր տրամադրելու, աջակցություն հատկացնելու, պարտքեր զրոյացնելու մասին էին: Բոլոր հարցերը միաձայն հաստատվեցին, այդ թվում՝ «Գյումրու զբոսայգիներ եւ պուրակներ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովսեփ Ավետիսյանի նշանակման հետ կապված հարցը:
Գյումրու ավագանին միաձայն որոշեց նաեւ ավագանու հաջորդ նիստը նշանակել ապրիլի 7-ին: «Հաշվի առեք ձեր գործուղումները, տարբեր տեսակի այցերը»,-նշեց Սամվել Բալասանյանը՝ հուսալով, որ ապրիլի 7-ին բոլորը նիստին ներկա են գտնվելու: «Կարծում եմ, որ ապրիլի 2-ից հետո մեր գործընկերները, հատկապես, երբ որոշում կայացվեց, որ հակասահմանադրական չեն համապատասխան հոդվածները, նույնպես կգան եւ կլծվեն աշխատանքի»,-հավելեց Գյումրու քաղաքապետը:
Ինչպես Գյումրու ավագանու նախորդ նիստերին, այս նիստին ևս բացակայում էին քաղաքական 3 ուժերի` «ԳԱԼԱ», ԲՀԿ և «Հայկական վերածնունդ» ավագանիները. սակայն դա չխանգարեց, որ «Բալասանյան» դաշինքի ավագանիների կողմից քվորում ապահովվի և քննարկման դրվի օրակարգային 35 հարց։
Արմենուհի Մխոյան