Կոնստանտին Օրբելյանը համերգային մեծ երեկոյի է հրավիրում Չայկովսկու երաժշտության երկրպագուներին
ՄշակույթԿոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ մարտի 17-ին` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Չայկովսկի գալա» համերգային մեծ երեկոն:
Ինչպես տեղեկանում ենք Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժնից`դիրիժորական վահանակի մոտ կլինի թատրոնի գեղարվեստական ղեկավար ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը:
Թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ ելույթ կունենան ՀՀ վաստակավոր արտիստներ Նունե Բադալյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցո-սոպրանո), Առնոլդ Քոչարյանը (բարիտոն), Ինգա Կարապետյանցը (մեցցո-սոպրանո), Սիրանուշ Գասպարյանը (սոպրանո), Տատյանա Տրենոգինան (սոպրանո), Տիգրան Օհանյանը (տենոր):
Այդ օրը Հայաստանում առաջին անգամ կկատարվի Պ. Ի. Չայկովսկու «Մոսկվա» կանտատը, որը հեղինակը գրել է 1883 թվականին՝ Ալեքսանդր 3-րդի թագադրման արարողության համար: Տեքստի հեղինակը Ապոլլոն Մայկովն է:
Համերգային երեկոյի ընթացքում կներկայացվեն նաև Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերայի նախերգանքը, Իոաննայի մեներգը՝ «Օռլեանի կույսը» օպերայից, Խեղկատակների պարը՝ «Ձյունանուշիկը» օպերայից, «Վոյեվոդա» օպերայի նախերգանքը և այլ ստեղծագործություններ: