ՀՀ փոխոստիկանապետն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը
ՀասարակությունՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը մարտի 15-ին ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Յան Պետերսենի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նշված է. Ողջունելով հյուրերին՝ Հունան Պողոսյանը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին նախորդող շրջանում իրականացվող աշխատանքը, մասնավորապես՝ նախընտրական քարոզարշավի և ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանման, «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» ուսուցման, ընտրացուցակների հրապարակման և այլ ուղղություններով:
Հունան Պողոսյանն ընդգծեց, որ ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկում է բոլոր միջոցները՝ նախընտրական փուլում, ինչպես և ընտրությունների ընթացքում օրենքով վերապահված գործառույթներն անթերի կատարելու, առավելագույնս թափանցիկ ու արդյունավետ աշխատելու համար:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Յան Պետերսենն իր հերթին ներկայացրեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության խնդիրներն ու գործառույթները:
Հյուրերի կողմից ներկայացված հարցադրումներին տրվեցին սպառիչ պատասխաններ:
Կողմերը պայմանավորվեցին սերտորեն համագործակցել Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների ընթացքում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս»: