Աշխատանքային հանդիպում ԱԻՆ-ում. արդիականացվում են կարկտի դեմ պայքարի մեթոդները
ՀասարակությունՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ: Այն պետք է ուսումնասիրի կարկտի դեմ պայքարի միջազգային առաջադեմ փորձը, ներկայացնի առաջարկներ դրա արդյունավետ տարբերակները Հայաստանում ներդնելու համար և մշակի նշված ոլորտի զարգացման նոր հայեցակարգ: Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը` ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի գլխավորությամբ: Աշխատանքային խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ ՀՀ արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարություններից:
Նիստի ընթացքում քննարկվեցին հակակարկտային կայանքների տեղադրման արդյունավետ վայրեր ընտրելու խնդիրը, հակակարկտային ցանցեր կիրառելու տարբերակը, ապահովագրական ընկերությունների ներգրավման, առկա կայանների արդիականացման և այլ հարցեր: Մասնավորապես՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց հայտարարել միջազգային կազմակերպությունների կողմից կարկուտի դեմ պայքարի առավել արդյունավետ մեթոդների ուսումնասիրության և մշակման մրցույթ, միջոցառումներն իրականացնել ամենասեղմ ժամկետներում: