Ղազախների հետ խաղում մանրուքները կարող են որոշիչ դառնալ. Մարկոս Պիզելի
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ Մարկոս Պիզելին անդրադարձել է աշխարհի առաջնության ընտրական փուլի Ղազախստանի դեմ առաջիկա խաղին:
«Ես շատ զարմացած էի ղազախական ֆուտբոլի մակարդակից, երբ նոր էի տեղափոխվել այնտեղ: Ղազախստանում կային 4-5 իրապես ուժեղ թիմեր, որոնք ունեին բոլոր պայմանները բարձրակարգ ֆուտբոլիստներ և մարզիչներ հրավիրելու համար: Այնպես որ, իմ կարծիքով, մակարդակը բավականին բարձր է, հատկապես առաջնության երկրորդ հատվածում, երբ լավագույն 6 թիմերը մրցում են միմյանց հետ: Ինձ թվում է՝ «Աստանան» ապացուցեց, որ ակումբային ֆուտբոլի մակարդակը Ղազախստանում բավականին բարձր է՝ երկու տարի անընդմեձ նվաճելով համապատասխանաբար Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խմբային մրցաշարերի ուղեգիր»,- Արմենպրեսի հաղորդմամբ` Պիզելիի խոսքերը մեջբերում է ՀՖՖ-ն:
Խոսելով առաջիկա խաղից` Մարկոս Պիզելին փաստել է. « Ինձ համար շատ հետաքրքիր կլինի նրանց դեմ խաղալը, քանի որ Ղազախստանում լավ ժամանակահատված եմ ունեցել և գիտեմ ֆուտբոլիստներից շատերին: Բացի դրանից, Չեռնոգորիայի հետ հանդիպումից հետո սա առաջին խաղն է: Մենք շատ մոտիվացված ենք և ցանկանում ենք կրկին ցուցադրել մեր լավագույն խաղը: Մենք խաղում ենք տանը, և Արթուր Պետրոսյանը նույնպես ուզում է վերադարձնել մեր հավաքականի լավագույն խաղը: Կարծում եմ՝ Ղազախստանն արդեն ապացուցել է, որ ուժեղ թիմ է՝ նախորդ խաղում ոչ-ոքի ավարտելով հանդիպումը Լեհաստանի հավաքականի հետ: Ինձ թվում է, որ մանրուքները կարող են որոշիչ դառնալ ղազախների հետ դիմակայությունում»:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը կկայանա մարտի 26-ին 20:00-ին: