Ֆերգյուսոն. Մեսսիի և Ռոնալդուի հեռանալուց հետո իսպանական ակումբների հաղթական շրջանը կավարտվի
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը խոսել է եվրագավաթներում իսպանական ակումբների հաջողությունների մասին:
«Կարմիր սատանաների» լեգենդար մասնագետը կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» առաջատարներ Կրիշտիանու Ռոնալդուի ու Լիոնել Մեսսիի հեռանալուց հետո Իսպանիայի առաջնության թիմերի հաղթական շրջանը կավարտվի:
«Ինչո՞ւ անգլիական ակումբները չեն կարողանում հաղթել Չեմպիոնների լիգան. դժվար է պատասխանել: Կարծում եմ, որ հաջողակ ակումբների պատմությունը շրջան ունի: 70-ականներին իշխում էին «Այաքսն» ու «Բավարիան», 80-ականներին` «Լիվերպուլը», իսկ 90-ականներին` իտալական ակումբները` «Միլանի» գլխավորությամբ: Դրանից հետո Անգլիան ունեցավ հրաշալի արդյունքներ: Չորս տարիների ընթացքում մենք եղանք երեք եզրափակիչներում: Հիմա գերիշխում են իսպանական ակումբները: Դրանում կասկած չկա:
Նույն հարցը կարելի է տալ «Բավարիային» կամ իտալական ու ֆրանսիական ակումբներին: Ներկա պահին իսպանական ակումբների հաղթելու շրջանն է, այդիսկ պատճառով էլ նրանք հաղթանակներ են տոնում: Դա կարող է փոխվել: Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին ծերացել են: Երբ նրանք ավարտեն իրենց կարիերաները, շրջանը կփոխվի»,- Ֆերգյուսոնի խոսքն է մեջբերում ESPN-ը: