Կառավարությունը նախատեսում է ՋՕԸ-ների թիվը 37-ից հասցնել 14-ի
ՏնտեսությունՀՀ կառավարությունը նախատեսում է ջրային կառավարման ոլորտում իրականացնել լայնածավալ բարեփոխումներ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին Եղվարդում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան՝ արձագանքելով ոռոգման ջրի բարձր սակագնի մասին հարցին:
«Մենք նախատեսում ենք ներկայիս 37 ջրօգտագործող ընկերությունները դարձնել 14: Դա նշանակում է, որ էապես կնվազեն ոլորտում հաստատուն ծախսերը, քանի որ չեն լինի նաև նշված ՋՕԸ-ների տնօրենները, նրանց քարտուղարուհիները, սպասարկող ավտոմեքենաները և այլն: Մենք այժմ սուբսիդավորում ենք ոռոգման ջրի 50 տոկոսը: Ես հիմա չեմ կարող խոստանալ, որ ջրի սակագինը կնվազի, սակայն հաստատուն ծախսերի կրճատման պարագայում չի բացառվում, որ դա հնարավոր լինի իրականացնել»,- ասաց Կարեն Կարապետյանը:
ՀՀ վարչապետը նշեց, որ ոլորտում նախատեսվում են նաև նոր ներդրումներ, որոնք կնպաստեն ոռոգման ջուրն ավելի հասանելի դարձնելուն ու կորուստները նվազեցնելուն: