Էյֆելյան աշտարակի մոտ միջնորմներ կտեղադրեն մարդկանց վրաերթերը կանխելու համար
ՀասարակությունՓարիզի իշխանությունները որոշել են Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրի՝ Էյֆելյան աշտարակի մոտ ապակե զրահապատ միջնորմներ տեղադրել հետիոտնի վրաերթերը կանխելու համար: Այս մասին հայտնում է Figaro-ն:
Պարբերականի տեղեկություններով՝ ապակե միջնորմները կտեղադրվեն Էյֆելյան աշտարակի 2 կողմերում, իսկ մյուս 2 կողմերում, որտեղ մուտքերն ու ելքերն են եւ բազմաթիվ հսկիչ անցակետերը, կտեղադրեն մետաղե վանդակաճաղեր: Փարիզի իշխանությունների կարծիքով՝ աշտարակի տակ անվտանգության միջոցների նման ուժեղացումն «ավելի գեղագիտական կլինի, քան ներկայիս պատվարները»: Նշվում է, որ միջոցառումը պայմանավորված է «ահաբեկչական առանձնապես բարձր սպառնալիքով»:
Միջնորմների արժեքը հասնում է 20 մլն եվրոյի, տեղադրումը կավարտվի 2018-ի կեսին:
Փարիզի իշխանությունների որոշումն ընդունվել է անցած շաբաթ Լոնդոնի զբոսաշրջային ամենահայտնի վայրերից մեկում՝ Վեսթմինսթերյան կամրջի վրա ահաբեկչության ֆոնին: Կամրջով ընթացող մեքենան դուրս է եկել մայթ, վրաերթի ենթարկել մի քանի մարդկանց, այնուհետեւ հասել մինչեւ խորհրդարանի շենք, որտեղ չարագործին ոստիկանները կանգնեցրել են: Հանցագործը դանակով հարվածել է մի ոստիկանի, որն ավելի ուշ մահացել է: Ահաբեկչին՝ 52-ամյա բրիտանացի Հալիդ Մասուդին, գնդակահարել է մեկ այլ ոստիկան: Վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետեւանքով զոհվել է 4 մարդ, 10 երկրներից 50 մարդ վնասվածքներ է ստացել: