Պետք է ընտրենք վարկի այնպիսի համաչափություն, որը եկամուտ է բերում. վարչապետն անդրադարձավ Հյուսիս-հարավ ծրագրին
ՏնտեսությունՀՀ կառավարությունը բանակցում է դոնոր կազմակերպությունների հետ` Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման հետագա քայլերի շուրջ:
Այդ մասին «Մոսկվա» կինոթատրոնում Երևանի Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը հնչեցված հարցին ի պատասխան ընդգծեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը:
«Այսօր ունենք արտաքին պարտք, որը կազմում է մեր ՀՆԱ-ի 57 տոկոսը, ունենք սահմանափակում` ՀՆԱ-ի 60 տոկոսի չափով: Հյուսիս-հարավ ճանապարհը մեզ պե՞տք է, թե` ոչ. այո, պետք է, բայց պետք է հստակ հաշվարկենք, թե որ վարկն է մեզ համար առաջնային, որն է ստեղծում հավելյալ արժեք:
Այս պահին վերլուծում ենք բոլոր վարկային ծրագրերը, որոնք նախկինում վերցրել ենք, հասկանալու համար, թե որոնք են կարողանում իրենք իրենց սպասարկել: Հյուսիս-հարավ ճանապարհի հետ կապված վերլուծում ենք, թե որ հատվածները կարող է պետությունը մասնավորի հետ կազմակերպել, որպեսզի դրանում մտցնենք բիզնես գործոն, որպեսզի այդ փողը որպես լրացուցիչ պարտավորություն պետության վրա չլինի»,- ասաց ՀՀ վարչապետը` ավելացնելով, որ ծրագրել են, թե այս տարի այդ ճանապարհի որ հատվածն է կառուցվելու:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել: «Եթե փողը վերցնենք, վարկը կուտակենք և չկարողանանք սպասարկել` կհասնենք անտրամաբանական վիճակի: Պետք է ընտրենք վարկի այնպիսի համաչափություն, որը փող է բերում»,- ասաց Կարեն Կարապետյանը: