Պոլսո Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչները հանդիպել են Ստամբուլի փոխնահանգապետի հետ
ՀասարակությունՊոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և հոգևոր հայր Տրդատ Ուզունյանը հանդիպել են Ստամբուլի փոխնահանգապետ Ազիզ Մերջանի հետ: Հենց Մերջանն էր, որ մարտի 15-ին պատրիարքական տեղապահի ընտրության օրը գրություն էր ուղարկել Պոլսո Հայոց պատրիարքարան` ասելով, որ այդ ընտրությունները չեն կարող իրականացվել:
Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:
Հանդիպման ժամանակ Մերջանը հոգևորականներին հիշեցրել է հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունը` ասելով, որ նոր պատրիարքի ընտրության գործընթացը կարող է սկսվել միայն ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեից հետո:
Բացի այդ, Ստամբուլի փոխնահանգապետը հայտնել է, որ իրենք որևէ գրություն չեն ստացել այն մասին, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը ճանաչվել է որպես «պատրիարք ի հանգստյան» և որոշում է ընդունվել պատրիարքի ընտրության գործընթաց սկսելու մասին:
Մաշալյանը հանդիպումից հետո «Ակոս»-ի հետ զրույցում ասել է, որ «ինչպես երևում է` առաջիկա 15 օրերը երկգլուխ են շարունակվելու»: