Հայաստանում տարեկան մոտ 430 սիրիահայ ստանում է անվճար բժշկական օգնություն
ՀասարակությունՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ տարեկան 430 սիրիահայի ցուցաբերվում է անվճար բժշկական օգնություն: Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին առողջապահության նախարարության հիվանդանոցային բուժօգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը նշեց, որ 2016 թվականի ընթացքում 18 տարեկանից բարձր 259 սիրիահայ բուժօգնություն է ստացել հիվանդանոցային պայմաններում, որոնցից 6-ին ցուցաբերվել է սրտի ինվազիվ միջամտություն:
«Մինչեւ 18 տարեկաննների շրջանում բուժօգնության է դիմել14 սիրիահայ»,- ասաց Վարդազարյանը՝ հավելելով, որ բուժօգնության դիմած սիրիահայ կանանցից 4-ը ծննդաբերել է Հայաստանում, 115 հոգու էլ ցույց է տրվել ամբուլատոր բուժօգնություն:
Վարդան Վարդազարյանի խոսքով` մասամբ լուծվում են նաեւ սիրիահայ բժիշկների աշխատանքի տեղավորման խնդիրները: «2016 թվականին 4 սիրիահայ բժիշկ աշխատանքի է անցել: Նրանցից մեկը Երեւանում, երեքը` մարզերում»,-ասաց նա:
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարեւորեց առողջապահության նախարարության աշխատանքը՝ նշելով, որ մեր բժիշկները սիրիահայերին մատուցում են բարձր մակարդակի ծառայություններ:
Խոսելով սիրիահայ բժիշկներին աշխատանքով ապահովելու խնդիրների մասին՝ Հակոբյանը հույս հայտնեց, որ Հայաստանում գտնվող եւս 75 բժիշկների աշխատանքի տեղավորման հարցերը մոտ ապագայում կլուծվեն: 2012 թվականից ի վեր 1646 սիրիահայի տրամադրվել է բժշկական օգնություն: