ԱԳՆ դիվանագիտական դպրոցում լինգաֆոնային լսարան է բացվել
ՀասարակությունՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցում նախարար Էդվարդ Նալբանդյանի, նախարարության ղեկավար կազմի մասնակցությամբ ապրիլի 5-ին բացվել է լինգաֆոնային լսարան:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից` հավելելով. «Լսարանի` անհրաժեշտ սարքավորումներով կահավորումը և ծրագրային ապահովման ձեռք բերման միջոցները հատկացվել են Մարգարիտա Բորովլյովա-Ղուշչյանի կողմից՝ ի հիշատակ իր հոր Ռուդոլֆ Ղուշչյանի, ով երկար տարիներ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել արտերկրում ԽՍՀՄ դիվանագիտական և առևտրական ներկայացուցչություններում։
Լսարանը հագեցած է գերժամանակակից տեխնիկական միջոցներով և ծրագրային լուծումներով, որոնք հնարավորություն են ընձեռում նորագույն մեթոդների կիրառմամբ իրականացնել տարբեր օտար լեզուների արդյունավետ ուսուցում։ Լսարանը նախատեսված է օգտագործել ինչպես Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների, այնպես էլ վերապատրաստման ծրագրերին մասնակցող պաշտոնյաների համար։
Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը երախտագիտություն հայտնեց Ռուդոլֆ Ղուշչյանի ընտանիքին՝ Դիվանագիտական դպրոցին աջակցելու համար՝ շեշտելով, որ լսարանը ավելացնում է դպրոցի կարողությունները և զգալիորեն կնպաստի կրթական գործընթացին։
Ներկաներին ողջունեցին նաև Ռուդոլֆ Ղուշչյանի այրին և դուստրը, ովքեր նշեցին, որ այս տարի կլրանար Ղուշչյանի 85-րդ տարեդարձը և նրա անվամբ լինգաֆոնային լսարանի բացումը նրա հիշատակը հավերժացնելու լավագույն միջոցն էր: