Ճանապարհների վերանորոգման նպատակով բանակցություններ են տարվում միջազգային դոնորների հետ
ՀասարակությունԿառավարությունը Հայաստանի ճանապարհների վերանորոգման հարցը լուծելու է միջազգային դոնորներից միջոցներ ներգրավելու միջոցով: Այժմ ընթանում են բանակցություններ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
«Այժմ գնահատում ենք ճանապարհների վիճակը և համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում պետք է անենք կամ հիմնանորոգում, կամ միջին նորոգում, կամ ուղղակի փոսալցում: Այն մարզերը, որտեղ շատ վատ է վիճակը, ժամանակավոր լուծում կտանք, մինչև ֆինանսական աղբյուրները կլինեն: Ընդհանուր առմամբ, մեր ճանապարհների վիճակն այնպիսին է, որ բյուջեի հատկացումը միանգամից ամբողջ խնդիրը չի լուծի, դրա համար մեծածավալ ներդրումներ են պետք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:
Խոսելով ասֆալտի որակի մասին և անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ամեն տարի նույն ճանապարհները նորոգելու կարիք առաջանում, նախարարն ասաց. «Դուք տեսնում եք, թե Հայաստանում ջերմաստիճանային տատանումն ինչքան է, ամառվա +50-ից ձմռանը հասնում է մինչև -30…-40, ճանապարհներն այդ պայմաններում, իհարկե, շատ դժվար են սպասարկվում: Վերջին տարիներին կառուցված ճանապարհները բոլորը որակով են: Ինչ վերաբերում է ատկատների մասին խոսակցություններին, եթե փաստ ունենաք, խնդրում եմ, ինձ էլ ասեք»,- նշեց Մարտիրոսյանը: