ՀՀ գյուղնախարարությունում քննարկվել են Արարատի մարզից ստացված ներդրումային ծրագրերը
ՏնտեսությունՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր խորհրդակցություն Արարատի մարզից ստացված գյուղատնտեսության ոլորտին առնչվող ներդրումային մի շարք ծրագրեր քննարկելու նպատակով: Խորհրդակցությունը վարում էր նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, մասնակցում էին ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի, «Գյուղական ֆինանսական կառույց-ԾԻԳ» պետական հիմնարկի, Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ, ծրագրերի շահառուներ և այլ պատասխանատուներ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ներկայացված ծրագրերը մասնավորապես վերաբերում էին օրգանական մթերքների արտադրության և վերամշակման կազմակերպմանը, նորագույն տեխնոլոգիաներով աշխատող չորանոցի ստեղծմանը, կաթի վերամշակման գործարանի գործարկմանը և այլն:
Պատասխանատուները շահառուների հետ համատեղ մանրամասն քննարկել են ներկայացված ծրագրերի նպատակահարմարությունն ու հիմնավորումները, առանձին դեպքերում դրանք վերանայելու հնարավորությունները, ինչպես նաև ֆինանսավորման առավել նախընտրելի տարբերակները: