Սուսերամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում աննախադեպ արդյունք գրանցեցինք. Մադոյան
ՍպորտԱնկախ Հայաստանի պատմության մեջ խոցասուսերամարտիկ Էմմա Պողոսովան աննախադեպ արդյունք գրանցեց աշխարհի երիտասարդական առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Արտաշես Մադոյանը` ամփոփելով Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում տեղի ունեցած սուսերամարտի 2017 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության արդյունքները:
«Էմմայի առաջին մրցակիցը Ավստրալիայի ներկայացուցիչն էր, ում նկատմամբ համոզիչ հաղթանակ տարավ մեր մարզուհին: Այնուհետև Էմման բավականին բարդ մենամարտում հաջողության հասավ ԱՄՆ-ի թիմի անդամ մարզուհու հետ պայքարում: Մեր մարզուհին հաղթեց նաև Եգիպտոսի և Շվեյցարիայի ներկայացուցիչներին: Լարվածությունը և հոգնածությունը թույլ չտվեցին, որպեսզի էմման 1/8 եզրափակիչում կարողանա հաղթել ԱՄՆ-ի մյուս ներկայացուցչին»,- նշեց Մադոյանը և հավելեց, որ Էմմայի` 8 ուժեղագույնների մեջ հայտնվելը բավականին լավ արդյունք է:
Սուսերամարտի 2017 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության մասնակից, սուսերամարտիկ Էմմա Պողոսովայի խոսքով` հոգնածությունը մեծ դեր խաղաց վերջին մենամարտում, և ինքը չկարողացավ հաղթել ԱՄՆ-ի ներկայացուցչին:
«Սա ինձ համար փորձ էր, հաջորդ անգամ կձգտեմ հաղթանակ տանել և նվաճել այդ մեդալը, որը մեզ անհասանելի էր թվում»,- եզրափակեց Պողոսովան: