ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը դրական է գնահատում ՀՀ նոր կառավարության աշխատանքը
ՏնտեսությունԱրժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեին Սամին կարծում է, որ Հայաստանի նոր կառավարությունը բարեփոխումների միտված կառավարություն է և հանձնառու է իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ:
Ապրիլի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը Հոսեին Սամին կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարությունը կարողացել է բարելավել հարկային վարչարարությունը:
«Դա հույս է ներշնչում, որ ժամանակի ընթացքում հարկային համակարգն ավելի արդար կդառնա, ինչը կնպաստի, որ կանոնները բոլորի համար հավասար լինեն»,- նշեց Սամին` այդ առումով կարևորելով Հարկային նոր օրենսգրքի ընդունումը:
Սամին կարևորեց նաև կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը, որի նպատակը օտարերկրյա ներդրումների խրախուսումն է: Առևտրի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարը նշեց, որ ինքը կառավարության կողմից բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլեր է տեսել, ինչը կարող է նպաստել օտարերկրյա ուղղակի ներդրումների խթանմանը: