Ռոնալդուն՝ իր ռեկորդի մասին. Մեծ պատիվ է, երբ ունես այդպիսի ցուցանիշ
ՍպորտՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, դուբլի հեղինակ դառնալով Մյունխենի «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում (2:1), եվրագավաթներում գոլերի քանակը հասցրել է 100-ի: 32-ամյա Ռոնալդուն պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը եվրագավաթներում խփել է 100 գոլ: Ռեկորդից հետո Պորտուգալիայի հավաքականի ավագը կիսվել է տպավորություններով:
«Շատ գոհ եմ, քանի որ ցանկանում էի հասնել այսպիսի նվաճման: Մեծ պատիվ է, երբ ունես այդպիսի ցուցանիշ: Ավելի լավ է, որ դա տեղի ունեցավ «Բավարիայի» պես մրցակցի դեմ խաղում:
Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա այն այլ ընթացք կունենար, եթե Վիդալն անվրեպ իրացներ 11 մետրանոցը: Ֆուտբոլում անակնկալները շատ են: Միշտ բարդ է հաղթել «Բավարիայի» պես մրցակցի: Այժմ մենք հրաշալի իրավիճակում ենք պատասխան խաղից առաջ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ եվրագավաթներում խփած գոլերի ցուցանիշով Ռոնալդուին հետապնդում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը դարձել է 97 գոլի հեղինակ: «Բավարիայի» ու «Ռեալի» միջեւ պատասխան խաղն ապրիլի 18-ին է: