«Ալաշկերտ»-ը երկու գնդակ ուղարկեց «Բանանց»-ի դարպասը
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում Երևանի «Ալաշկերտ»-ը 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Բանանց»-ի դարպասը:
Հանդիպման 25-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվել է «Բանանց»-ի դարպասապահ Ստեփան Ղազարյանը:
Այնուհետև «Ալաշկերտ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը տուգանայինից գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը: 10 ֆուտբոլիստներով մնացած «Բանանց»-ն առաջին խաղակեսում ոչինչ չկարողացավ առաջարկել մրցակցին և միայն պաշտպանվում էր: Առաջին խաղակեսն ավարտվեց տանտերերի նվազագույն առավելությամբ:
Ընդմիջումից 4 րոպե անց աջ եզրից Արտակ Եդիգարյանը հիանալի հարվածով գրավեց մրցակցի դարպասը` դառնալով դուբլի հեղինակ: Րոպեներ անց «Ալաշկերտ»-ը ստացավ նաև 11 մետրանոցի իրավունք, սակայն Միհրան Մինասյանի հարվածից հետո «Բանանց»-ի դարպասապահը հետ մղեց գնդակը:
Այս հաղթանակի շնորհիվ Աբրահամ Խաշմանյանի թիմը վաստակեց 45 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը: