Ջամպարինի. Գրեթե լաց եղա, երբ Դիբալան երկու գոլ խփեց Բարսելոնային
Սպորտ«Պալերմոյի» նախկին նախագահ Մաուրիցիո Ջամպարինին պատմել է այն մասին, թե ինչպես է ինքն արձագանքել թիմի նախկին հարձակվող Պաուլո Դիբալայի՝ «Բարսելոնայի» դարպասն ուղարկած երկու գոլին (3:0) Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում.
«Գրեթե լաց էի լինում, երբ տեսա, որ Դիբալան երկու գոլ է խփել «Բարսելոնային»:
Ինչպես Պաստորեի և Կավանիի դեպքում, նա եղել է իմ հայտնագործությունը «Պալերմոյում»: Միշտ հաճելի է հետևել նրանց հաջողություններին Եվրոպայում: Ես նաև նամակ ուղարկեցի «Նապոլիի» նախագահ Դե Լաուրենտիսին՝ գրելով. «Եթե դու գնեիր Դիբալային, ինչպես՝ ես խորհուրդ էի տալիս, արդեն հաղթած կլինեիր սկուդետոն»:
Վերջերս նրան խորհուրդ տվեցի գնել «Պալերմոյի» մեկ այլ ֆուտբոլիստի՝ Նեստորովսկուն, որը նոր Իգուայինն է, այնպես որ նա պետք է մտածի այդ ուղղությամբ»,- Ջամպարինիի խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն:
Դիբալան 2012-ից 2015 թվականներին է հանդես եկել «Պալերմոյում», ինչից հետո տեղափոխվել է թուրինյան ակումբ: