Ժամկետային զինծառայողները հայտնվել են դատարանում. զորամասից դիզվառելիք են գողացել
ՀասարակությունN զորամասի ժամկետային զինծառայողներ Վարդանն ու Գեւորգը հայտնվել են դատարանում՝ 20 լիտր դիզվառելիք գողանալու մեղադրանքով:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդանը 2014 թվականի հուլիսից մինչեւ 2016-ի հուլիսն ընկած ժամանակահատվածում մետաղյա տարայից ռետինե խողովակի միջոցով քաշելու եւ 20 լիտր տարողությամբ 2 հատ պլաստմասե տարաների մեջ լցնելու եղանակով պարբերաբար դիզվառելիք է գողացել: Գեւորգն էլ 2016 թվականի փետրվարին է 20 լիտր բենզին գողացել եւ վաճառելու համար տվել պայմանագրային զինծառայող Մհերին: Մի քանի օր հետո նրանից դրա դիմաց ստացել է 6 հազար դրամ:
Ժամկետային զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի հատկանիշներով, իսկ պայմանագրային զինծառայողին՝ 216-րդ հոդվածի 1-ին մասով: Երեքի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Գործը քննվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: