«Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ՝ փոխվում»
Վերլուծական«Թիմակիցներ ասվածը Սուրբ գրքի մարդիկ չեն, թիմակիցները սրբությամբ չեն տառապում, ընտրության ժամանակ մարդիկ տառապում են շատ սուտ ասելով` մի պայմանով, որ կարողանան ընտրողին ներքաշել ընտրության մեջ, սա է ընտրության սկզբունքը»։ Այս մտքերը պատկանում են Գեղարքունիքի մարզում Հանրապետական կուսակցության ռեյտինգային թեկնածու Հակոբ Հակոբյանին, ով հարցազրույց էր տվել news.am կայքին։
Վերջինս իր ընտրատարածքում գրավել էր երկրորդ տեղը՝ զիջելով նախկին ՕԵԿ-ական, ներկայումս հանրապետական Կարեն Բոթոյանին։
Պետք է նշել, որ, ըստ էության, դժվար է չհամաձայնել Հակոբյանի հետ, քանի որ նա, ըստ ամենայնի, արձանագրում է այն իրողությունները, որոնց ականատես է եղել։ Սակայն մեկ այլ պարբերականի տված հարցազրույցում Հակոբյանն, անդրադառնալով «ՍԱՍ» գրուպի հայտնի ձայնագրությանը, նշել էր, թե բոլոր նախընտրական սպառնալիքները, ճնշումներն ու նմանատիպ երևույթները էական չեն, քանի որ քվեախցում քաղաքացին միայնակ է քվեարկում։
ԱԺ նախկին և գուցե ապագա պատգամավորի այս մտքերի հանրագումարից ենթադրել կարելի է, որ նրա պատկերացմամբ՝ բնականոն ընտրական գործընթացի մաս են կազմում թվարկված բոլոր ապօրինի երևույթները։ Թերևս նրա այս պատկերացումները կիսում են իր բազմաթիվ հանրապետական թիմակիցները։
Սակայն հետաքրքիր է, որ նման ձևակերպումներով հանդես է գալիս Հակոբ Հակոբյանը, ով, իր թիմակիցներից շատերի համեմատ, բավական պարկեշտ պատգամավոր է եղել և չի հայտնվել տարատեսակ միջադեպերի կիզակետում։
Ինչպես ասում են՝ «Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ՝ փոխվում»:
Միքայել Գալստյան