Առաջիկայում ներդրողներին կներկայացվեն ՀՀ մարզերի ներդրումային քարտեզները
ՏնտեսությունՀՀ վարչապետի մասնակցությամբ մարզեր այցելությունների արդյունքում դուրս բերված մոտ 81 ծրագրերից առաջին փուլով աջակցություն կստանան 11-ը:
Այս մասին ապրիլի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:
Նրա տեղեկացմամբ` արդեն 4 ծրագրեր ֆինանսավորվել են, իսկ առաջիկա մեկ ամսում կֆինանսավորվեն ևս 4-ը:
«Մենք քայլ առ քայլ գնում ենք նաև մարզային ծրագրերին աջակցելու և ֆինանսավորելու ուղղությամբ: Ընթացակարգային աջակցություն ենք ցուցաբերելու այդ ծրագրերի իրականացման համար: Շատ կարևորում ենք մարզային ծրագրերը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս մարզերում աշխատատեղերի ստեղծման և որոշակի ակտիվության առաջացման համար»,- ասաց փոխնախարարը:
Ազիզյանի խոսքով` արդեն իսկ մշակվում են ամեն մարզի համար ներդրումային քարտեզներ: Նրա տեղեկացմամբ` 2 մարզի ներդրումային քարտեզի օրինակ կա և դրանք ևս կհրապարակվեն առաջիկայում: «Դա հնարավորություն կտա ներդրողներին ծանոթանալ, թե մարզերում ինչպիսի ծրագրեր կան»,- ամփոփեց Ազիզյանը: