Անդրես Ինյեստա. Այժմ պետք է կենտրոնանալ «Ռեալի» դեմ խաղի վրա
ՍպորտՉեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Թուրինի «Յուվենտուսի» հետ 0:0 հաշվով խաղալուց հետո «Բարսելոնայի» ավագ Անդրես Ինյեստան ամփոփել է իտալացիների հետ դիմակայությունը եւ խոսել «Ռեալի» հետ առաջիկա դիմակայության կարեւորության մասին:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» առաջին խաղում «Յուվենտուսին» 0:3 հաշվով պարտվելու հետեւանքով դուրս մնաց Չեմպիոնների լիգայից:
«Առաջին խաղում շատ վատ խաղացինք, սակայն պատասխանում խաղում փորձեցինք անել ամեն ինչ, որպեսզի հասնենք դրական արդյունքի: Ցավոք, չստացվեց: Թիմը շատ շնորհակալ է երկրպագուներին, որոնք պատվով ճանապարհեցին մեզ հանդիպումից հետո:
Այժմ պետք է կենտրոնանալ «Ռեալի» դեմ խաղի վրա: Իսպանիայի առաջնությունում տիտղոսի հույսը պահպանելու համար պարտադիր է հաղթանակը մադրիդցիների նկատմամբ: Դա մեր վերջին հնարավորությունը կլինի այս մրցաշրջանում: Պրիմերայում հաջողությունը կախված կլինի առաջիկա հանդիպման արդյունքից»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է Marca-ն:
Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումն ապրիլի 23-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: «Ռեալը» 31 խաղում վաստակել է 75, «Բարսելոնան» 32 խաղում՝ 72 միավոր: