Ոչ պատահական պատահականություններ
Վերլուծական«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որով հայտնում են, որ 2017թ. մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունների համար հաշվեհամար է բացել։ Նման հաշվեհամարի մեջ որևէ արտառոց բան, բնականաբար, չկա, սակայն հետաքրքիր է, որ հաշվեհամարի բացումը համընկնում է «Երկիր ծիրանիի» ռուսաստանյան հովանավորի մասին լուրերի տարածումից հետո։
Փոստանջյանն, ի դեպ, չի ժխտել ռուսահայ գործարարի հետ իր մտերմությունը, թեև պետք է շեշտել, որ այդ մտերմության մեջ նույնպես հատուկ արտառոց բան չկա, վերջիվերջո, քաղաքականության հետ շատ թե քիչ աղերս ունեցողներից շատերն ունեն նման մտերիմներ և հովանավորներ։ Առավել հետաքրքիր է վերջին շրջանում տարածվող այն երևույթը, երբ հաշվեհամարներ են բացվում, դրամահավաքներ և նմանօրինակ միջոցառումներ են կազմակերպվում կարծես ֆինանսավորման հիմնական աղբյուրները թաքցնելու համար։
Սա, ի դեպ, նույնպես բավական տարածված երևույթ, լավ է այն, թե՝ վատ, բոլորվին այլ հարց է։ Սակայն այստեղ, ամեն դեպքում, պետք է հիշեցնել՝ ինչպես նշում էր հայաստանյան իշխանության ամենայուրօրինակ գործիչներից մեկը՝ մենք փոքր երկիր ունենք, իսկ փոքր երկրում, ինչպես գիտենք, գաղտնիքները երկար կյանք չեն ունենում։
Միքայել Գալստյան