Բանավեճի մոլուցք
ՎերլուծականԵրևանի ավագանու ընտրությունների չկայացած ինտրիգը շարունակում է մնալ քաղաքապետ Տարոն Մարգարյանի և նրա մրցակիցների տեղի չունեցած բանավեճը: Վերջինս այդպես էլ տեղի չի ունենալու. դա գիտեն բոլոր կողմերը, գիտեն նաև քաղաքացիները: Սակայն սա չի խանգարում, որ պարբերաբար հնչեն բանավեճի կոչեր ու հրավերներ: Թերևս կարիք չկա երկար վերլուծություններ գրել այն մասին, թե ինչու չի կարող տեղի ունենալ նման բանավեճ, արձանագրենք, որ տեղի չի ունենա և վերջ: Նման պայմաններում արդեն բանավեճի շարունակական պահանջները դառնում են բավական պարզունակ:
Հասկանալի է, որ դա արվում է զուտ դիվիդենտներ շահելու և «այ, տեսաք, բանավեճից խուսափեց» հայտարարելու համար, սակայն մյուս կողմից, թերևս, կարելի էր նման հետևանք չենթադրող «մարտահրավերների» վրա ժամանակ և էներգիա վատնելու փոխարեն զբաղվել ավելի հետաքրքիր քարոզչությամբ:
Վերջապես հետաքրքիր է, թե ինչի շուրջ կարող է ընթանալ բանավեճն այն պայմաններում, երբ Երևանի ավագանու ընտրություններն ուզենք, թե չուզենք, քաղաքական չեն ընկալվում, այսինքն քաղաքական օրակարգով բանավեճ չի կարող ենթադրվել, իսկ եթե բանավեճը պետք է ընթանա ասֆալտապատման, աղբահանության և ուղևորափոխադրումների շուրջ, ապա այդ բանավեճը, այսպես թե այնպես, կա՝ ընդդիմությունը մի բան է ասում, քաղաքապետարանը կամ Տարոն Մարգարյանը արձագանքում են: Եթե խնդիրը միայն դեմա առ դեմ նույն բաներն ասելու մեջ է, ապա դա արդեն ոչ թե բանավեճ է, այլ բանավեճի մոլուցք:
Միքայել Գալստյան