«Տոնուս»-ից խաբված բնակիչները դիմում են Գլխավոր դատախազություն
«Տոնուս» ՍՊԸ-ի կողմից Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասում 44/4 և Փափազյան 118/1-ում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանատերերն այսօր բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության շենքի առջև:
«Տոնուս»-ից խաբված բնակիչները պահանջում էին հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Բողոքի ակցիա իրականացնող բնակիչները որոշել են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Գլխավոր դատախազություն:
Ավելի ուշ կառավարությունում բողոքի ակցիայի բոլոր մասնակիցներին ընդունեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը, սակայն լրագրողների մուտքը թույլատրված չէ:
Հիշեցնենք, որ 2006 թվականից ընտանիքները «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի հետ կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ վերը նշված բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով: Սակայն բնակիչներին հայտարարել են, որ իրենք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված «Արցախբանկ» ՓԲԸ-ում։