Պետք է աշխարհի առաջնությունից առաջ բարդացնեմ ծրագիրս. Հարություն Մերդինյան
ՍպորտՄարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանի կարծիքով` Եվրոպայի առաջնությունում լուրջ մրցակցություն էր ծավալվել:
«Ինչի ունակ էի, արեցի: Կարևորն այն է, որ ես և մարզիչներս գոհ ենք արդյունքից: Վնասվածքից արդեն վերականգնվում եմ, ամեն ինչ լավ է: Պետք է աշխարհի առաջնությունից առաջ բարդացնեմ ծրագիրս: Ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա: Այս առաջնությունը շատ ավելի պատասխանատու էր ինձ համար: Դժվար էր, բայց հենց դրա համար էլ շատ ուրախ եմ, որ մեդալ նվաճեցի»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մերդինյանը:
Խոսելով մրցակցության մասին` Մերդինյանը շեշտեց, որ մրցակցություն կար` անկախ անգլիացի առաջատար մարզիկների բացակայությունից: «Ես չզգացի անգլիացիների բացակայությունը: Մրցակցությունն ավելի լարված էր, քանի որ բոլոր մրցակիցներն իրենց լավագույնն են ուզում անել»,-ասաց նա:
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Ռումինիայի Կլուժ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճեց մեկ բրոնզե մեդալ: