«Ելք» դաշինքը նախընտրական քարոզարշավը շարունակել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
ՀասարակությունԵրևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը «Ելք» դաշինքն ապրիլի 26-ին շարունակեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Դաշինքի քարոզչական թիմը, քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շրջեց շենքերի բակերով և բնակիչներին ներկայացնում են իրենց նախընտրական ծրագիրը:
Նիկոլ Փաշինյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղամասերից մեկում բարձրախոսով դիմեց ընտրողներին: Նա ընդգծեց, որ Հայաստանում ապրիլի 2-ին կայացած ընտրությունների արդյունքներով «Ելք» դաշինքի գրանցված փոքր, բայց կարևոր հաջողությունը սկիզբ դրեց Հայաստանում դրական փոփոխությունների գործընթացին: «Դուք մայիսի 14-ին հնարավորություն ունեք նոր թափ, նոր ուժ հաղորդել այդ դրական փոփոխություններին:
Դրա համար դուք պետք է գնաք ընտրական տեղամասեր և քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին: Գնացեք և վստահորեն քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին: Եվ չհուսահատվեք, սիրելի երևանցիներ, որովհետև, ելք կա»,- ասաց Փաշինյանը:
«Ելք» դաշինքի կողմից ավագանու թեկնածու առաջադրված, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանն էլ նշեց, որ իրենք հաջողության դեպքում կվերանորոգեն Երևանի բոլոր 22 պոլիկլինիկաները, կվերացնեն վթարային շենքերը, նոր թափ կհաղորդեն ճանապարհաշինարարական աշխատանքներին: «Երևանում վթարային շենքեր ու կարկատած փողոցներ չպետք է լինեն: Մայիսի 14-ին գնացեք ընտրատեղամասեր և ձեր ձայնը տվեք մեր դաշինքին: «Ելք» դաշինքն ամենայն պատասխանատվությամբ պաշտպանելու է ձեր ձայնը: Դուք ընտրում ենք, մենք փոխում ենք և մենք կհաղթենք միասին»,- եզրափակեց Անի Սամսոնյանը: