Քննադատության «յուղոտ» պատառը
ՎերլուծականԵրևանի ուղևորափոխադրման համակարգի ներկայիս վիճակը, մեղմ ասած, բավարար չէ, ընդ որում շեշտում ենք՝ ընդհանուր համակարգի մասին է խոսքը և ոչ թե այս կամ այն երթուղու միկրոավտոբուսների կամ ավտոբուսների տեխնիկական վիճակի: Ասվածի հետ լիովին համաձայն են նաև քաղաքապետարանում: Թերևս սա այն բացառիկ դեպքերից է, երբ պետական կառավարման օղակն առաջինն է խոսում հիմնախնդրի մասին և փորձում լուծումներ գտնել: Այս ուղղությամբ, հանուն արդարության, պետք է խոստովանել, որ քաղաքապետարանը ռեալ քայլեր ձեռնարկում է:
Դեռևս անցած տարվանից քաղաքապետարանը կազմել է բավական լայնածավալ մի ծրագիր, որը նախատեսում է Երևանում ուղևորափոխադրման համակարգի արմատական և սկզբունքային փոփոխություն: Կրկին համաձայն քաղաքապետարանի՝ այս ծրագիրը կարժենա 80-100 միլիոն դոլար՝ նախնական հաշվարկներով: Անհրաժեշտ գումարը հայթայթելու համար քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկում դոնոր կազմակերպություններին ներգրավելու համար:
Ահա այս իրողությունների ֆոնին բավական հետաքրքիր է դառնում Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ինչ խոսք, տրանսպորտի վիճակը Երևանում թերևս նախընտրական քարոզչության «ամենայուղոտ» պատառներից մեկն էր ընդդիմության համար, սակայն վերը նկարագրված իրադրության պայմաններում այս խնդրում քննադատությունը, ըստ էության, կորցնում է որևէ իմաստ: Այստեղ արդեն խնդիր է առաջանում ընտրել քննադատության համար առանցքային կետեր, որոնց վրա պետք է կառուցվի նախընտրական քարոզարշավը, իհարկե, խոսքն ընդդիմության մասին է: Նման պայմաններում սակայն ընդդիմության համար հեշտ չէ գտնել համապատասխան «թիրախներ», սակայն փորձեր, այնուամենայնիվ, արվում են:
Ելք դաշինքը փորձում է ամեն դեպքում կենտրոնանալ ուղևորափոխադրման վրա, սակայն այլ դիտանկյունից: Ելքը խոստանում է, ոչ ավել ոչ պակաս, ավելացնել մետրոյի կայարանների թիվը: Ինչ խոսք, մետրոն բավական հարմար փոխադրամիջոց է, սակայն մյուս կողմից, եթե իրատեսորեն գնահատենք Երևանի և Հայաստանի ներկայիս հնարավորությունները, ապա պետք է խոստովանել, որ առաջիկա առնվազն 5 տարում նման մակարդակի նախագիծը գեղեցիկ ցանկությունների ժանրից է:
Սա, բնականաբար, նշանակում է, որ մետրոյի մեկ կամ մի քանի կայարանի կառուցման խոստումները մոտենում են պոպուլիզմին: Ի դեպ, պոպուլիզմը բնականոն կերպով ցանկացած նախընտրական արշավի բաղկացուցիչ է, սակայն այստեղ հետաքրքիր է մեկ այլ ասպեկտ՝ չափազանցված պոպուլիզմը կարող է աշխատել հենց դրանով զբաղվողի դեմ: Այս տեսանկյունից պետք է նշել, որ նույն Ելք-ի կողմից Երևանում ասֆալտապատաման առօրեական գործընթացի քննադատությունը շատ ավելի լայն արձագանք է ստանում, քան մետոյի նոր կայարանների խոստումները, որոնք լուրջ չեն ընկալվում՝ անգամ եթե քաղաքական ուժը հիմնավոր կերպով տեսնում է դրա հնարավորությունը:
Սա նշանակում է ընդամենը մեկ բան՝ անգամ քննադատության, խոստումների և քարոզչության համար հարկավոր է ընտրել այնպիսի «թիրախներ», որոնց հետ քաղաքացին շփվում է ամեն օր՝ իր կենցաղով: Սա թերևս ինչ-որ տեղ նաև խոսում է այն մասին, որ ավագանու ընտրությունները չունեն քաղաքական շեշտված երանգավորում, սակայն սա իրողություն է, որի հետ պարզապես պետք է հաշվի նստել, հակառակ դեպքում անիրատեսական կամ քաղաքացու կողմից անիրատեսական ընկալվող խոստումները պարզապես վանում են նման խոստումներով հանդես եկող ուժից:
Տիգրան Դավթյան