Չեխիայի առողջապահության նախարարության պատվիրակությունը Հայաստանում է
ՀասարակությունՀՀ առողջապահության նախարարի հրավերով Հայաստանում գտնվող Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Լևոն Ալթունյանը նախ շնորհակալություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու կապակցությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Նախարարը նշել է, որ Հայաստանի առողջապահության ոլորտը բարեփոխելու նպատակով շուտով կյանքի կկոչվեն մի շարք շրջադարձային ծրագրեր։ Նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը ներկայացրել է առողջապահության մեր համակարգում ֆինանսավորման, բնակչության սոցիալապես անապահով խմբերի համար պետության կողմից փոխհատուցվող ապահովագրական փաթեթների մշակման, գնագոյացման վերանայման և այլ ծրագրերի մասին։
Այնուհետև փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը չեխ գործընկերներին ծանոթացրել է առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտին, իսկ ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը` կառավարության և Համաշխարհային բանկի ծրագրով մարզային ամբուլատորիաների և հիվանդանոցների կառուցման ու արդիականացման, բժիշկների վերապատրաստման, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելիչ ծրագրերի, էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման, օպտիմալացման, կլինիկական ուղեցույցների մշակման և այլ ծրագրերին։
Չեխիայի Հանրապետության առողջապահության փոխնախարարներ Ռադեկ Պոլիկարի և Թոմ Ֆիլիպի, նախարարի խորհրդական Յան Ռուժիչկայի հետ քննարկվել են փոխադարձաբար հետաքրքրող հարցեր։ Հյուրերը մանրամասն ներկայացրել են Չեխիայի առողջապահության համակարգը` ֆինանսավորման մեխանիզմները և սկզբունքները:
ՀՀ առողջանպահության նախարար Լևոն Ալթունյանը կարևորել է առողջապահության ոլորտում երկու երկրի համագործակցությունն առավել գործնական ու արդյունավետ դարձնելը։
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Պետր Միկիսկան։
Ավելի ուշ Չեխիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչները մեր մասնագետներին մանրամասն ծանոթացրել են իրենց հանրապետությունում ոլորտի ֆինանսավորման մեխանիզմներին, քննարկել Հայաստանում առակա բյուջետային միջոցներն առավել արդյունավետ օգտագործելու հնարավորությունները։