Երկուսուկես մարդու տոն
ՎերլուծականՄայիսի 1-ը աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է։ Այս տոնը չի շրջանցում նաև Հայաստանին։ Մեր երկրում նույնպես նշում են այն, ամենատարբեր մակարդակի չինովնիկներն ու պաշտոնյաները ուղերձներով են հանդես գալիս, շնորհավորում աշխատավորներին և երևի թե իրենք իրենց։
Սակայն այդպես էլ հարց է մնում՝ իրականում ովքեր են տոնում այս օրը։ Պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանում գործազրկությունը հասնում է 19 տոկոսի։ Ոչ պաշտոնականով թերևս այս թիվը շատ ավելի մեծ է՝ ինչպես և ընդհանրապես ցանկացած ոչ պաշտոնական տվյալ մեր երկրում։ Բացի գործազրկությունից արդյո՞ք Հայաստանում աշխատանք ունենալը բավարար է աշխատավոր կոչվելու համար։ Մինչ օրս Հայաստանի քաղաքացիներից շատերն աշխատում են 12-14 ժամ, այն դեպքում, երբ Եվրոպայում դեռևս 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին աշխատավորները պայքարում էին 8-ժամյա աշխատանքային օրվա համար և նրանց պայքարը, ի դեպ, պսակվեց հաջողությամբ։
Եվ նույնիսկ ճորտատիրական պայմաններ հիշեցնող աշխատաժամանակն էլ մի կողմ։ Վերջերս ՍԱՍ գրուպի և տնօրենների հայտնի սկանդալային ձայնագրություններից ակնհայտ դարձավ, այն ինչի մասին բոլորս էլ գիտեինք՝ աշխատողի իրավունքները և՛ պետական, և՛ մասնավոր սեկտորներում գտնվում են ողբերգական վիճակում։ Ցանկացած սովորական աշխատող մշտական վտանգի տակ է, և չկան գործնական պայմաններ ու լծակներ՝ այդ իրավունքների պաշտպանության համար։ Անշուշտ, իրավական և օրենսդրական տեսանկյունից կան շատ գեղեցիկ և լավ օրենքներ, սակայն ի՞նչ արժեն դրանք, եթե գործնականում որևէ մեկն այդ օրենքներից չի գործում։ Այս իրավիճակում մնում է միայն փաստել, որ այս տոնը, այլաբանորեն ասած, Հայաստանում առավելագույնը երկուսուկես մարդու տոն է։
Տիգրան Դավթյան