ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտը կանվանակոչի ի պատիվ ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի
ՀասարակությունՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտը կանվանակոչվի հայ ականավոր գործչի` ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի անունով:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 4-ի նիստի օրակարգում:
Նախագիծը մշակվել է ՀՀ ԳԱԱ-ի և Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի կողմից: Հիմնավորման համաձայն` ինստիտուտը Արմեն Թախտաջյանի անունով կոչելը կնպաստի նրա գիտական մեծ վաստակի ճանաչմանը և գնահատմանը:
XX դարի ականավոր բուսաբան, ֆիլոգենետիկ և էվոլյուցիոնիստ Արմեն Թախտաջյանն (1910-2009թթ.) իր արգասաբեր գիտական գործունեությամբ ակնառու ներդրում է ունեցել բուսաբանական գիտության զարգացման գործում սկզբում Հայաստանում, Ռուսաստանում և ողջ աշխարհում։
Բնական գիտությունների բնագավառում ունեցած ակնառու նվաճումների, երկարամյա և բեղմնավոր գիտական գործունեության համար Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Արմեն Թախտաջյանը 2009 թվականին ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: