Հայ բեռնափոխադրողները կկարողանան կաբոտաժային բեռնափոխադրումներ իրականացնել ՌԴ-ում, Բելառուսում և Ղրղզստանում
ՏնտեսությունՀՀ կառավարությունը նախատեսում է հայ բեռնափոխադրողներին թույլատրել Ռուսաստանի Դաշնությունում, Ղրղզստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում միջպետական բեռնափոխադրումն ավարտելուց հետո իրականացնել կաբոտաժային բեռնափոխադրում: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 4-ի նիստի օրակարգում:
Նախագիծը հնարավորություն կտա հայ բեռնափոխադրողին զգալիորեն կրճատել միջազգային բեռնափոխադրման ծախսը և լրացուցիչ եկամուտի աղբյուր կդառնա:
«Արդյունքում հայ բեռնափոխադրողների կողմից տվյալ բնագավառում կկատարվեն ներդրումներ, կթարմացվի տրանսպորտային պարկը, կզարգանան միջպետական բեռնափոխադրումները»,- ասված է հիմնավորման մեջ:
Ներկայումս Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև տրանսպորտի բնագավառում կնքված միջազգային համաձայնագրերի պահանջներին համապատասխան ՀՀ-ում և այլ պետություններում ավտոմոբիլային տրանսպորտով կաբոտաժային բեռնափոխադրումներն արգելվում են: Սակայն 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության Եվրասիական Տնտեսական Միությանն անդամակցելուց հետո ԵԱՏՄ տրանսպորտի բնագավառի քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է համարվում անդամ պետությունների տարածքում կաբոտաժային փոխադրումների ազատականացումը, որը հնարավորո ւթյուն կտա ԵԱՏՄ անդամ-պետությունների բեռնափոխադրողներին առավել արդյունավետ կազմակերպելու միջազգային բեռնափոխադրումները:
Կաբոտաժային փոխադրումների ազատականացման փուլային ծրագրի համաձայն 2016 թվականի հունվարի 1-ից անդամ-պետությունների տարածքում պետք է իրականացվեն կաբոտաժային փոխադրումները: Կաբոտաժային փոխադրումների ծրագիրը իրականացվելու է 4 փուլով:
Կաբոտաժային բեռնափոխադրումների թույլտվությունը հնարավորություն կտա ԵԱՏՄ անդամ մի երկրի բեռնափոխադրող ընկերության միջազգային փոխադրումների ճանապարհին բեռներ փոխադրել մի կետից մյուսը միության անդամ մեկ այլ պետության տարածքում: