Դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի լավագույն աշակերտները դիմպլոմներ են ստացել
ՀասարակությունԵրեւանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված հանդիսավոր միջոցառմամբ ամփոփվել է 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի Երեւանի քաղաքային փուլը:
Բարձր արդյունք ցուցաբերած 74 աշակերտ պարգեւատրվել է առաջին կարգի դիպլոմով։ 4 աշակերտ տարբեր առարկաներից արժանացել է կրկնակի, իսկ մեկ աշակերտ` քառակի դիպլոմի: Ի դեպ, Երեւանի քաղաքապետարանի դիպլոմներով պարգեւատրվող աշակերտները մայրաքաղաքի հիմնական եւ ավագ դպրոցների, ինչպես նաեւ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի, «Քվանթ» վարժարանի, «ԱՅԲ» կրթահամալիրի սաներն են։
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով բոլոր դիպլոմակիրներին՝ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը վստահություն է հայտնել, որ աշակերտները լիովին պատրաստ են հանդես գալու միջազգային տարբեր օլիմպիադաներում:
«Շնորհավորում եմ բոլորին առարկայական օլիմպիադայում գրանցած հաջողությունների համար: Այս տաղանդավոր երեխաներն իսկապես պատիվ են բերում մեր երկրին ու, իհարկե, նաեւ քաղաքամայր Երեւանին: Գրանցած ձեռքբերումներն, անշուշտ, մանկավարժների աշխատանքի արդյունք են, որոնց շնորհիվ աշակերտներն այսօր հպարտությամբ կանգնած են այստեղ», - նշել է Արամ Սուքիասյանը:
Նշենք, որ 16 առարկայից անցկացվող օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցել է 2356 աշակերտ, որոնցից դիպլոմների են արժանացել 417-ը, որոնցից 2-րդ կարգի՝ 116, իսկ 3-րդ կարգի՝ 227 աշակերտ:
Իսկ քաղաքային փուլի մասնակից աշակերտներից 595-ը մասնակցում են առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին: