ՀՀ ԿԲ ավելի քան 50 աշխատակից ավարտել են Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի ծրագիրը
ՀասարակությունՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մայիսի 3-ին ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի եւ Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հանդիպման ընթացքում Արթուր Ջավադյանը կարեւորել է «Թավիթյան» հիմնադրամի հետ Կենտրոնական բանկի համագործակցությունը, որի շրջանակներում ԿԲ ավելի քան հիսուն աշխատակիցներ սկսած 2004 թվականից ավարտել են Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի ծրագիրը:
Արթուր Ջավադյանը գոհունակությամբ է խոսել Կենտրոնական բանկի և հիմնադրամի գործակցության ընթացքում գրանցված լավ արդյունքների մասին, ինչպես նաեւ իր երախտագիտությունն է հայտնել «Թավիթյան» հիմնադրամի հիմնադիր Ասո Թավիթյանին: «Թավիթյան» հիմնադրամն ուրույն դեր ունի Հայաստանի հանրային ոլորտի երիտասարդ մասնագետների կրթման և վերապատրաստման գործում: Պարոն Ջավադյանը մասնավորապես նշել է, որ որ Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի մշակույթը իր դրական ազդեցությունն է ունեցել ԿԲ աշխատակիցների արդյունավետ աշխատանքի վրա:
Իր հերթին Ասո Թավիթյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նույնպես գոհունակություն արտահայտել կենտրոնական բանկի հետ իր հիմնադրամի երկարատև համագործակցության մակարդակի մասին: Նա շատ դրական է գնահատում այն հանգամանքը, որ Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցի կրթական ծրագիրն անցած ԿԲ աշխատակիցները հաջողություն են գրանցում իրենց աշխատանքային գործունեության ընթացքում և ապահովում մասնագիտական աճ:
Կողմերը քննարկեցին հետագայում կենտրոնական բանկի և հիմնադրամի հնարավոր համագործակցության հնարավորությունները՝ մասնավորապես Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում համատեղ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները: