Տհաճ է, տիկնայք և պարոնայք
ՎերլուծականԵրևանի քաղաքապետի կամ ավագանու ընտրությունների քարոզարշավի բավական խոստումնալից արտահայտությունից հետո լսում ես կառուցելու ենք մետրոպոլիտենի 48 նոր կայարան, Երևանը պատելու ենք տրամվայների գծերի սարդոստայնով, քաղաքը դարձնելու են հայկական Պրագա կամ Վիեննա և այս մակարդակի նախընտրական քարոզչություն և խոստումներ, հասկանում ես, որ գործ ունես անուն չունեցող երևույթների հետ:
Անվանում չունեցող, քանի որ նույնիսկ պոպուլիզմը պետք է չափ ու սահման ունենա:
Սակայն այս մասին չգիտեն Երևանի քաղաքապետարանը գրավող մեր ընդդիմադիրները. ոմանք փորձում են մետրոյով գրավել այն, ոմանք տրամվայներով, իսկ քանի դեռ տրամվայները չեն վերակենդանացել, կարելի է և կաբրիոլետով փորձել:
Թերևս այս իրողություններին հանդիպելիս միակ բանը, որ ցանկանում ես անել, հոգոց հանելն ու հեռանալն է, որովհետև տհաճ է, պարզապես տհաճ, երբ հազարերորդ անգամ լսում ես ծեծված բաներ, որոնց չի հավատում անգամ ասողը, որովհետև տեսնում ես, որ մետրոպոլիտենը նոր կայարաններ շատ մոտ ապագայում չի ունենա՝ հետագայում գուցե, բայց ո՛չ այսօր, ո՛չ էլ վաղը: Տեսնում ես ու վստահ ես նաև, որ այլևս երբեք Երևանում տրամվայների գծեր չեն լինելու:
Վերջապես տեսնում ես և գիտես, որ ընդդիմադիր հանդես եկողները երբեք էլ իրենց տրմավայ կաբրիոլետներով չեն հայտնվելու քաղաքապետարանում, ոչ թե նրա համար որ վատն են կամ լավը, այլ պարզապես հենց իրենք անլրջացնում են ամեն ինչ իրենց գիտաֆանտաստիկ խոստումներով:
Տիգրան Դավթյան