Շատ անգամ հաղթանակներ գրանցվում են ոչ թե շնորհիվ, այլ ի հեճուկս իշխանությունների. Լ.Ալավերդյան
ՀարցազրույցՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, ORER.am-ի հետ զրույցում ողջ հայ հանրությանը շնորհավորելով մայիսյան եռատոնի կապակցությամբ, ասաց. «Շնորհավորում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց լուման են ունցեել երկու պատերազմներում էլ: Անշուշտ, Շուշիի ազատագրումը մեզ համար ավելի հոգեհարազատ է, ու այն մենք ավելի մեծ ոգեւորությամբ ենք ընդունում, քանի որ մենք այդ ժամանակ ապրումներ ենք ունեցել:
1945 թվականի հաղթանակը խոշոր պետության ջանքերով ու մեր անհավանական մեծ ներդրումով է պայմանավորված եղել, սակայն 1992 թվականի մայիսի 8-9-ը, որքան էլ որ զարմանալի է, եղել է ի հեճուկս թե՛ մեզ դաշնակից հայտարարած պետությունների, թե՛ քաղաքական էլիտայի, որն էլ այդ ժամանակ իշխող է եղել Հայաստանում»,- նշեց Լ.Ալավերդյանը՝ ընդգծելով, որ, փաստացի, Հայաստանում հաղթանակները շատ անգամ գրանցվում են ոչ թե շնորհիվ, այլ ի հեճուկս իշխանությունների. «Սա խոշորագույն մի փաստ է, որը պետք է ուսումնասիրվի գիտնականների կողմից: Կարող եմ ասել, որ Ապրիլյան պատերազմը եւս մեկ անգամ դա ապացուցեց: Այդ պատերազմում ժողովուրդը հստակ ցույց տվեց, որ երկիրն իրենն է ու պետք է մնալ, զարգացնել ու պայքարել»:
Ըստ ՀՀ առաջին ՄԻՊ-ի՝ հայ ժողովուրդն այսօր առաջնորդվում է «Եղել ենք, կանք ու պետք է լինենք» կարգախոսով. «Այ սա է այն զգացողությունը, որն ունենում եմ այս օրերին: Մենք երբեք չպետք է մոռանանք մեր պապերի սխրանքը, որը նրանք ցուցաբերել են երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որը հիացմունք է առաջացրել ամբողջ աշխարհի մոտ: Հայերի համար Հայրենական մեծ պատերազմը մահու ու կյանքի կռիվ էր:
Նկատենք, որ հայ ժողովուրդն այդ պատերազմում մասնակցել է հոգեւոր իր ռեսուրսով, ու սա է, որ միասնական է դարձնում մայիսյան այս տոները: Երբ ժողովուրդը կանգնում է աստվածային ճշմարտության ճանապարհին, այդտեղ հաղթանակ է տոնում»:
Սոսե Չանդոյան