«Թատերական Սյունիք» փառատոնը կաշխուժացնի քաղաքների արվեստասերների առօրյան
ՄշակույթՀՀ մշակույթի նախարարության, «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ և Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ Հայաստանի թատերական գործիչների միությունը մայիսի 19-27-ը կանցկացնի «Թատերական Սյունիք» փառատոնը:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` փառատոնի գլխավոր նպատակը հանրապետության լավագույն թատրոնների ներկայացումները Սիսիանում, Գորիսում, Կապանում, Քաջարանում, Ագարակում և Մեղրիում ցուցադրելն է:
Տասը թատերախմբերի ելույթները միջոցառումը կվերածեն իսկական թատերական տոնի:
Հնարավորություն կլինի նաև արծարծել Գորիսի Վ. Վաղարշյանի անվան և Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնների առկա խնդիրները՝ ավելի արդյունավետ դարձնելով այդ թատրոնների աշխատանքը:
Փառատոնին մասնակցելու են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը (Գ. Խանջյան, «Որբերի ընտանիքը»), Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը (Կ. Խոդիկյան, «Սիրային քառանկյունի»), Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը (Ս. Շևչենկո և Ա. Կուլիչկով, «9 ամիս»), Պատանի հանդիսատեսի թատրոնը (Վ. Ստեփանյան, «Բրեմենյան երաժիշտները»), Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը (Հ. Թումանյան, «Անբան Հուռին»), Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը (Հ. Թումանյան, «Հեքիաթներ»), Կամերային երաժշտական թատրոնը (Ա. Պանտիկին, «Կրիսպի մկնիկը»), Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնը (Ռ. Կալինոսկի, «Հրեշը լուսնի վրա»), Գորիսի Վ. Վաղարշյանի անվան թատրոնը (Ռ. Կալինոսկի, «Հրեշը լուսնի վրա») և Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնը («Բակունցյան գույներ»):
Փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա մայիսի 19-ին, Կապանում, փակումը՝ մայիսի 27-ին, Գորիսում: